Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԸՍՏ «ՖՈՐԲՍԻ» ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ՊՈՒՏԻՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԶԴԵՑԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ Է»

«ԸՍՏ «ՖՈՐԲՍԻ» ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ՊՈՒՏԻՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԶԴԵՑԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ Է»
17.01.2012 | 00:00

Ռուսաստանում ավարտվեց խորհրդարանի` Պետդումայի կազմավորումը, և երկիրը թևակոխեց իր հերթական ընտրական փուլը, այս անգամ արդեն` նախագահական: «Ինչպիսի՞ն է Ռուսաստանը ներկա պատմական փուլում» թեմայով «Իրատես de facto»-ն զրուցում է մոսկվայաբնակ լրագրող ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Պարոն Հայրապետյան, ի՞նչ է իրենից ներկայացնում այսօրվա Ռուսաստանը:
-Ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը կայսրապետական թերարժեքության բարդույթից ձերբազատվող պետություն է: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ երկիրն աղետաբեր վայրընթացներից հետո վերագտնում-իրականացնում է, չսեթևեթենք, նորընծա` նորաբնույթ կայսրության հավակնելու իր նկրտումները: Համենայն դեպս, միտումն ակնբախ է հետխորհրդային տարածքում:
-Դուք նկատի ունեք Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Եվրասիական Միության ստեղծո՞ւմը:
-Նաև: Ինչքան էլ խոսվի այդ երեք պետությունների իսկապես ոչ պարտադրական` կամավոր միավորման մասին, այդուհանդերձ, դաշինքի հիմքը Ռուսաստանն է իր քաղաքական ու տնտեսական կշռով ու ազդեցությամբ, ինչի մասին հայտարարեցին Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները: Հիմա հերթի կկանգնեն միջինասիական հանրապետությունները, մի օր իր խոսքը կասի նաև Հայաստանը:
-Այդ մասին մենք դեռ կխոսենք: Իսկ ի՞նչ կասեք Պուտին-Մեդվեդև երկյակի մասին, ինչն աննախադեպ է միապետական դարավոր ավանդույթներով առանձնացող Ռուսիո երկրի համար: Արդյո՞ք Պուտինի վերադարձը երկրի բարձրագույն պաշտոնին, ինչը ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում, ծրագրված էր «ի սկզբանե»:
-Երբ ավարտվում էր Պուտինի նախագահական երկրորդ ժամկետը, շատերն էին նրան խորհուրդ տալիս փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ և թևակոխել գահակալման երրորդ շրջանը: Եթե նա դա ուզեր, հանգիստ կարող էր անել, քանզի նրա ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կառավարող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ուներ Պետդումայում: Բայց նա դա չարեց, արեց այն, ինչը «Նեզավիսիմայա գազետայում» կանխանշել էր մեր հայրենակից քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Պուտինը գերադասեց առաջադրվել վարչապետի պաշտոնում, միաժամանակ պահպանելով առաջատար կուսակցության լիդերի դերը: Այսինքն, լինելով պետության երկրորդ պաշտոնատար անձը և վերահսկելով խորհրդարանը, նա իր լիազորություններով համադրելի դարձավ նախագահին:
-Բայց, այդուհանդերձ, նախագահն իրավասու է իր մի հրամանագրով պաշտոնանկ անելու վարչապետին, ճիշտ է` խորհրդարանի համաձայնությամբ:
-Բանն էլ հենց այն է, որ ԽՍՀՄ-ից հետո առաջին անգամ ոչ թե Ռուսաստանի նախագահը, այլ վարչապետը դարձավ կառավարող կուսակցության լիդեր: Տեսականորեն Մեդվեդևը կարող էր ճնշում գործադրել Պուտինի վրա, բայց գործնականում նա դա ոչ կարող էր անել, ոչ էլ փորձեց: Գիտեք, ժամանակակից Ռուսաստանի քաղաքական պրակտիկան հաճախ է նահանջում սահմանադրական կանոններից: ՈՒժերը հաշվեկշռվում են ոչ միայն լիդերների պաշտոնական դիրքով, այլև նրանց անհատական քաղաքական կշռով, լիազորությունների ներքին պայմանավորվածություններով, ազդեցության լծակներով, համախոհների խմբավորումների քաշով և այլն, և այլն: Եթե ուշադիր նայենք, Մեդվեդևին այդպես էլ չհաջողվեց նույնիսկ ձևավորել իր ինքնուրույն թիմը, ինքնահաստատվել: Պուտինն իր ձեռքում պահեց նաև կառավարության ուժային, անգամ տնտեսական բլոկները: Մեդվեդևի նախագահության տարիներին անցկացված բոլոր մակարդակների որևէ սոցիոլոգիական հարցման թե հետազոտության արդյունքներով Պուտինը չի զիջել երկրի N1 քաղաքագետի վարկանիշը: Ինչի մասին ենք խոսում. ըստ «Ֆորբսի» վերջին տվյալների, Պուտինն աշխարհի երկրորդ ազդեցիկ քաղաքական գործիչն է Օբամայից հետո, Մեդվեդևը… 59-րդը: Այնպես որ, ինչպես Դուք ասացիք, ամեն ինչ ծրագրված էր «ի սկզբանե»: (Իսրայելական մի հրատարակություն հումորով հարցում էր անցկացրել ընթերցողների շրջանում, թե ուր «կփախչի» Դմիտրի Մեդվեդևը 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո: Բնական է, ենթադրողների գերակշիռ մասը նշել էր Դմիտրի Անատոլևիչի «պատմական» հայրենիքը` Իսրայելը: Իսկ գիտե՞ք որ երկիրն էր դիտվել որպես երկրորդ «աքսորավայր»: Չզարմանաք… Հայաստանը):
-Կարելի՞ է ասել, որ Պուտինը վայելում է Ռուսաստանի ժողովրդի հարգանքը:
-Հարգանքը` դժվար է ասել, դեմոկրատական երկրում դրան դժվար է հասնել: Բայց որ ժողովուրդը, ի տարբերություն, ասենք, Հայաստանի, ընդգծված ալերգիա չունի ղեկավարության նկատմամբ, փաստ է: Ելցինից հետո, որի ժամանակ Ռուսաստանին սպասում էր ԽՍՀՄ-ի ճակատագիրը, մեծ է Պուտինի դերը երկրի քաղաքական-տնտեսական իրավիճակի կայունացման ու զարգացման գործում: Եվ մարդիկ գնահատում են դա:
-Որպես Ռուսաստանի քաղաքացի, ի՞նչն է գրավում Ձեզ Պուտինի մեջ:
-Ինքնավստահությունը: Ինչպես գործելակերպում, այնպես էլ ինքնարտահայտման մեջ:
-Ընդդիմադիր ուժերի հանրահավաքները կարո՞ղ են փոփոխություններ մտցնել երկրի ներքաղաքական կյանքում:
-Ոչ, դրանք արհեստականորեն հրահրված ելույթներ են: Ոչ թե այն իմաստով, որ Ռուսաստանում չկան հակապուտինական տրամադրություններ: Կան, բայց դրանք չեն վերածվի որևէ «գունավոր» հեղափոխության: ՈՒշադրություն դարձրեք ընդդիմադիր լիդերների ազգությանը և դրսից ցույց տրվող ֆինանսական աջակցությանը:
-Ի՞նչ եք կարծում, Պուտինի վերադարձը ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-հայկական հարաբերությունների վրա:
-Արմատական փոփոխություններ տեղի չեն ունենա: Պուտինը հետամուտ է բոլոր պետությունների հետ Ռուսաստանի գերպրագմատիկ հարաբերություններին և լայն առումով հազվադեպ է բացառություններ անում նույնիսկ մերձավոր դաշնակիցների համար. հիշենք Պուտին-Լուկաշենկո բարձրաձայն տարաձայնությունները: Ամեն ինչ կշարունակի ընթանալ Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ շահերի շրջանակում:
-Վերադառնանք Եվրասիական Միության թեմային: Այնտեղ սպասո՞ւմ են Հայաստանին:
-Համենայն դեպս, հազիվ թե մեզ սպասում են Եվրոպայում կամ Ամերիկայում: Սակայն հեշտ չի լինի նաև անդամագրվել այս նորաստեղծ կազմակերպությանը: Դմիտրի Մեդվեդևը հենց այնպես չհայտարարեց, որ չնայած միության դռները բաց են, բայց դա դեռ չի նշանակում, թե ցանկացած երկիր, նույնիսկ ամենամերձավորը, կարող է միանալ նրան, դրա համար կպահանջվեն տարիներ: Հայաստանի համար լրացուցիչ դժվարություններ կլինեն Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը, զանազան «Լարսերի» առկայությունը և այլն: Իհարկե, կարելի է նաև ինքնուրույն ապրել, սակայն մեր քսանամյա «զարգացումը» թույլ չի տալիս լավատես լինել այդ հարցում:
-Թերևս շատերին մտահոգում է «Ռուսաստանի գլխավորությամբ» պարագան` ԽՍՀՄ-ի ուրվականը:
-Շատ պատկերավոր էր Նազարբաևի հայտարարությունն այդ առնչությամբ. սա Միություն է առանց պետպլանի և պետմատի: Սա կլինի տնտեսական համագործակցության միություն, թե հետո ինչի կվերածվի, ոչ ոք չի կարող ասել: Ավելի լավ ընտրություն ունե՞նք: Զարմացնում է Հայաստանի մտավորականության մի մասի մեջ տարածված այն մտայնությունը, թե ռուսները, իբր, մեզ միշտ դավաճանել են: Սա թերևս փոքր ազգի անվստահության կամ ինքնահաստատման բարդույթ է` ամեն ինչում մեղավոր են ուրիշները: Ժամանակին ցարական Ռուսաստանը տարածաշրջան չէր եկել հայերի սիրուն աչքերի համար: Նա եկել էր զենքի ուժով` պատերազմելով գրավելու իր համար կենսական տարածքներ: Նման դաժան գոտեմարտերում բոլոր խոշոր տերությունները գործում են բացառապես իրենց շահերի տեսանկյունից, և փոքր ազգերը, ցավոք, նրանց համար սոսկ խաղաքարտ են:
-Առհասարակ այդպե՞ս են վարվում բոլոր գերտերությունները, և Ռուսաստանը բացառություն չէ՞: Կամ, ինչպես ասում է իմաստուն Ավետիք Իսահակյանը, մեծ ազգերը մեծ չարիքներ են, ինչպես մեծ ձկները` մեծ ծովերում… Փոքր ազգերը մշտապես ճնշված պիտի մնան մեծերի կրունկների տակ։
-Հենց այդպես: Պարզապես մենք ավելի շատ գործ ենք ունեցել ռուսների հետ: Կարո՞ղ ես` հակազդիր, մանևրիր: Մեր ժամանակներում ամերիկացիները, ինչ է, կանգնեցի՞ն իրենց սիրեցյալ, հովանավորյալ Վրաստանի թիկունքին, երբ ռուսները մտան Աբխազիա ու Հարավային Օսիա: Մեր աչքի առաջ այդ նույն ամերիկացիները թե եվրոպացիները մի քանի օրում «չծախեցի՞ն» իրենց բազմամյա հավատարիմ արաբ բռնապետներին` Մուբարաքից մինչև Քադաֆի: Ընդ որում, չհանգստացան, մինչև նողկալի Լինչի դատաստան չսարքեցին վերջինիս գլխին:
-Պարոն Հայրապետյան, Ռուսաստանի հետ առավել մերձենալու Ձեր տեսակետը Դուք արտահայտում եք որպես ռուսահա՞յ:
-Եթե Դուք դրա մեջ իրոնիա չեք դնում, ապա ինչու չէ, թեև ես նույնքան «ռուսահայ» եմ, որքան Դուք։ Հայաստանում այդ երկրում ապրող հայերին մեղադրում են ավելորդ ռուսասիրության, եթե չասենք` ռուսամոլության մեջ: Գուցե և Ռուսաստանում այսօր բնակվում է գրեթե նույնքան հայություն, որքան հայրենիքում, և նրանք երևի իրավունք ունեն մտածելու, որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և շատ այլ շահեր պատմական օբյեկտիվ նախադրյալներով շատ ավելի կապված են հենց այդ երկրի հետ: Սա չի նշանակում, թե պետք է գործել ի վնաս Հայաստանում հռչակված բազմակողմ քաղաքականության: Պարզապես պետք է պրագմատիկ լինել:
Մասնավոր մի պարագա: Եթե դուք ռուսահայերին ներկայացնում եք հիշյալ «մեղադրանքները», ապա փոխարենը բարի եղեք մեղմելու նրանց որոշ տարակույսներ: Ռուսաստանի հայերի կյանքում զանազան անցանկալի իրադարձությունների, միջադեպերի (երբեմն նաև` ողբերգական ելքով) կապակցությամբ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, առանց խորանալու պատճառների մեջ, Ռուսաստանին անսեթևեթ մեղադրում են նացիոնալիզմի, ռասիզմի և նույնիսկ ֆաշիզմի մեջ: Բայց այդ նույն լրատվամիջոցները սսկվում են, չեն էլ ուզում բացատրել, թե ինչու այսօր էլ, կրկնում ենք` այսօր էլ, նվազագույն իսկ հնարավորության դեպքում հայաստանցին լքում է իր հայրենիքը և տեղափոխվում հենց այդ «արատավոր, դավաճան» երկիրը: Ինչո՞ւ: Այդ դեպքում «ինչակա՞ն» է մեր հայրենի Հայաստանը:
Զրույցը` Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ